воскресенье, 1 февраля 2015 г.

Կլակ - Երկիր իմ


Երկի՛ր իմ, ավաղ, մնացիր մենակ,
Անմարդ մնացիր այս բազմության մեջ,
Խոսքով սիրեցին, հոգով ուրացան,
Դու որբ մնացիր այս բազմության մեջ:

Երկի՛ր իմ, քեզնից ոչինչ չմնաց,
Բայց դեռ սնում ես բազմությանը մեղկ,
Նրանք անկուշտ են. հացդ ուրացան,
Օտար մնացիր որդիներիդ մեջ:

Երկի՛ր իմ, վշտի անա՛փ բնօրրան,
Քեզ խինդ չբերեց բազմությունն այս հեգ,
Ատելությունը ցանեց ու անցավ,
Ատելությունը անցավ հացի տեղ:

Երկի՛ր իմ, սիրո կարո՛տ ուրվական,
Դու դեռ շրջում ես հոգիների մեջ,
Մեռել ես սիրո կարոտից հիմա,
ԲԱՅՑ ՊԻՏԻ ՍԻՐՈՒՑ ՎԵՐՍՏԻՆ ԾՆՎԵՍ:

15.01.2015

четверг, 9 октября 2014 г.

Կլակ - Ձին


Ձեզ թվում է` միայն մարդի՞կ են իմաստնանում: Մեր դարի լեզվով ասած դա խտրականություն է: Միայն մարդիկ չեն,որ կյանքից դասեր են առնում և այդ դասերի ձեռքը կրակն ընկնում:
Սևուկը արդեն ծեր ու իմաստուն ձի էր դարձել: Թեպետ, որ ճիշտն ասենք, նա կասկածում էր` արդյոք ձի՞ է, թե էշ: Կասկածում էր, քանզի էշի պես էր օգտագործվում: Երբ ջահել էր, մտածում էր, որ ծերության տարիներին կանցնի վաստակած հանգստի: Բայց սխալվեց. ոչ միայն հանգիստ չտվին, այլև պաշտոնն իջեցրին:
Հիշում էր հպարտ տարիները, ոչ թե վազում էր այլ ճախրում, քամի էր որսում Սևուկը:Իսկ տերը գովում էր: Քեֆերի ժամանակ անգամ ձիու կենացն էր խմում և այնքան բարձր, որ գոմում թինկ տված ձին հանկարծ վեր էր կենում ու խրխնջում:
Հիմա անպետք է, հիմա կաղում է Սևուկը, հիմա բեռներ է տեղափոխում և, այն էլ, մեջքին կապած մի քանի շոր ու փալաս, կոտրած թեթև ցախ` ձմեռվա համար և, որ ամենացավալին է, էլ կանացը ոչ ոք չի խմում, ու չեն էլ խմի: Հույսը կտրել էր Սևուկը: << Անհույս ապրելն էլ մի բան չէ >>,- խորհում էր նա: Բայց ի՞նչ աներ… Մարդիկ նման դեպքերում ինքնասպանություն են գործում, իսկ ձիերը` ոչ: Կենդանիները երևի ավելի աստվածավախ են, քան մարդիկ:
Սևուկն էնքան էր ապրել,որ հասկանում էր մարդկանց լեզուն: Ու մի անգամ մի ծերունի զրույցի ժամանակ ասաց,որ մարդիկ սատանայից էլ բեթար են,իսկ Սևուկը զարմացավ ոչ թե ծերունու խոսքից, այլ նրանից,որ զրուցակիցները համաձայն էին ծերունու հետ: Այ էստեղից էր,որ նա սկսեց մարդկանց չհասկանալ: Լեզուն սովորել էր,բայց, միևնույն է, մարդկանց չէր հասկանում:
Սևուկի աչքի առաջ մի սերունդ էր մեծացել, և նա գյուղի բոլոր փոքրերին իր մեջքի վրա էր պահել: Այդ պահերին Սևուկը զգուշավոր էր լինում,որ հանկարծ չընկնի երեխան: Նա սիրում էր մանուկներին:
Իր տերը կռվարար մարդ է, և չէր լինում մի գիշեր,որ վեճ ու կռիվ չլիներ: Էհ,մեկը լիներ այդ պահերին ու տեսներ,թե գոմում ինչ է կատարվում:Սևուկն իրեն պատեպատ էր տալիս:Գյուղում ասում էին.-
Սա Քուռկիկ Ջալալու ցեղից է:
Բայց Քուռկիկ Ջալալու ցեղակիցը հիմա տխուր է, ու ոչ ոք չի նկատում: Եթե <<ծերացել եմ, ուրեմն պիտի անտեսե՞ք>> թախծում էր Սևուկը:
<<Էսօր վշտալի օր է>>.- մտածեց նա ու տարօրինակ զգացողություններ ունեցավ: Մի պահ ծանրացավ ամեն ինչ,սևացավ,մթնեց կարծես, ու Սևուկին թվաց,թե աչքերը փակվեցին ու քնում է,բայց հետո մի քանի վայրկյան փորձում էր բացել աչքերը ու չէր կարողանում:
Վերջին շունչն էլ քաշեց ու…Վերջ:
Սևուկը մենակության ու տխուր մտքերի մեջ հոգին տվեց:Եվ, ի՞նչ իմանաս, մեր դարի լեզվով ասած, գուցե էլի՞ խտրականություններ են սպասվում`արդեն հանդերձյալ կյանքում,գուցե ձիու հոգին տեղ չո՞ւնի հանդերձյալ աշխարհում ու նորից մարդկանց մենաշնո՞րհն է այնտեղ հայտնվելը: Եվ ո՞վքեր են ավելի արժանի:
Ծերունու ասած. <<մարդիկ սատանայից էլ բեթար են>>…

четверг, 25 сентября 2014 г.

Կլակ - Ախ,այս ամենից ես շատ եմ հոգնում

Երբեմն ուզում եմ ոչինչ չասել,
Չլինել ներկա ոչ մի զրույցում,
Բայց չեմ էլ ուզում անիմաստ լռել.
Ախ,այս ամենից ես շատ եմ հոգնում:

Մեկ-մեկ ուզում եմ մի կուշտ արտասվել,
Բայց արցունքներս փակվում են խորքում,
Իսկ ես չգիտեմ,թե ինչպես վարվեմ.
Ախ,այս ամենից ես շատ եմ հոգնում:

Մեկ էլ կտեսնես` ուզում եմ փրկվել,
Բայց ինչի՞ց,ումի՞ց, ես չեմ հասկանում,
Բախտս դառնում է մի մեռնող թիթեռ,
Եվ այդ ամենից ես շատ եմ հոգնում:

Հանկարծ ուզում եմ մեկին ճանաչել
Եվ գիտեմ թե ում`ինձ եմ որոնում,
Սակայն թվում է` անձավ եմ մտել,
Որտեղ փակված եմ հնամյա պատով:

Ու մի բան միայն ես հստակ գիտեմ
Եվ իմացածս ցավով եմ ասում,
Ուզում եմ անվերջ դառնագին գոչել,
Որ այս ամենից ես շատ եմ հոգնում: